ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ուշացած արձագանք մեծ նկարչի առաջարկին

Ուշացած արձագանք մեծ նկարչի առաջարկին
12.12.2014 | 11:06

«Աներևակայելի անարդարություն է, բայց և բարեբախտություն, որ շատ պանծալի հայորդիներ ապրեցին և իրենց մահկանացուն կնքեցին մայր հայրենիքից հեռու»

Հայ մեծ նկարիչ, իրական մտավորական Հակոբ Հակոբյանը ուղիղ երեք տարի առաջ «Ազգ» օրաթերթում (2011 թ. նոյեմբերի 19, «Մշակույթ» հավելված, թիվ 19 (121)) լույս տեսած «Հուշարձանը» հոդվածով անդրադարձավ մի շատ կարևոր հարցի, որի օրախնդիր լինելը մենք շատ ավելի խոր ենք զգում հատկապես հիմա, երբ հաշված ամիսներ են մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Շատ սիրված և հարգված մեծանուն արվեստագետն առաջարկում էր Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լրացնել մեր ժողովրդի փառապանծ զավակների մեծագույն սխրանքներից մեկի՝ «Նեմեսիս» գործողությանը, նրա կազմակերպիչներին և այն իրականացնող քաջարի հայորդիներին նվիրված ճարտարապետա-քանդակային կոթողով, որը համահունչ պետք է լիներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի հեղինակած բարձրարժեք ստեղծագործությանը:

Եվ, ինչպես գրում էր Հակոբ Հակոբյանը, այդ հուշարձանը պետք է ընկալվի ոչ միայն որպես թուրք հրեշակերպերի կազմակերպած, մարդկության պատմության մեջ իր մասշտաբներով և զարհուրելի հետևանքներով նախադեպը չունեցող ոճրագործության և հայ ժողովրդի անչափելի ողբերգության հուշարձան, այլև որպես հարգանքի տուրք մեր ժողովրդի ծոցից դուրս եկած պանծալի հայորդիներին և նրանց իրականացրած «Նեմեսիս» գործողությանը, որը նույնպես աննախադեպ էր պատմության մեջ (մինչև հայտնի Նյուրնբերգյան դատավարությունը դեռ քառորդ դար կար), և որ այդ հուշարձանը պետք է դառնա ոչ միայն ողբի, այլև արդար դատաստանի և մեր ժողովրդի անընկճելի, հերոսական ոգու խորհրդանիշ1:
ՈՒզում եմ անդրադառնալ «Նեմեսիս» գործողության նկատմամբ մինչև հիմա մեզանում ձևավորված վերաբերմունքին և գնահատականին: Հանգամանքների բերումով մեր ժողովրդի երկու-երեք սերունդ ապրեց բոլշևիկների հիմնած կարգերի օրոք, երբ իշխում էր վախի, սարսափի, ահաբեկչության, համատարած ստի, կեղծիքի, խաբեության մթնոլորտ, երբ միլիոնավոր անմեղ մարդիկ ճամբարային փոշու էին վերածվում ԳՈՒԼԱԳ արշիպելագի անթիվ, անհամար «կղզիներում», իսկ «դրսում» մնացածներին «հաջողությամբ» դարձնում էին զոմբիացված, մանկուրտի վերածված զանգված՝ հասարակական գիտակցության ապականման և այլասերման այնպիսի խորությամբ ու մասշտաբներով, որ նույնիսկ տասնամյակներ անց չի հաջողվում մաքրվել ու ազատվել այդ աղբից, և Աստված գիտի, թե քանի սերունդ է պետք այդ ավերածությունների հետևանքներից ազատվելու համար:
Հետխորհրդային երկրներում բնակչության զոմբիացման մակարդակի մասին կարելի է դատել 2012-ին ռուսական հեռուստաալիքներից մեկով անցկացված «Ռուսաստանի խորհրդանիշ պետական գործիչ» հարցման արդյունքներով, երբ համարյա բան չէր մնում, որ հաղթեր «ժողովուրդների մեծ առաջնորդ ընկեր Ստալինը»: Հնարավո՞ր է, արդյոք, որևէ կերպ արդարացնել հասարակական գիտակցության այդպիսի քարանձավային մակարդակը, մազոխիզմի, տգիտության այդպիսի զարհուրելի և ապշեցուցիչ դրսևորումը: Բանից պարզվում է, որ տասնյակ միլիոններով մարդկանց ոչնչացրած այդ հրեշի մահից նույնիսկ 60 տարի հետո էլ մարդիկ ուշքի չեն գալիս, չեն կարողանում արթնանալ թմբիրից, հասկանալ ու գնահատել սեփական երկրին ու ժողովրդին պատուհասած աղետի՝ առանց որևէ չափազանցության այդ արհավիրքի, իրական մասշտաբներն ու ընդգրկումները:
Դժվար է պատկերացնել, թե ապագա հայ պատմաբաններից, հասարակագետներից, հոգեվերլուծաբաններից ինչպիսի ջանքեր կպահանջվեն հասկանալու և իրենց ժամանակակիցներին բացատրելու համար՝ ինչպե՞ս, որտեղի՞ց և ինչո՞ւ հայտնվեցին իրենց «հավատարիմ լենինյան» կամ «ստալինյան» հռչակած «բոլշևիկները», որոնք «ընդունակ» եղան նման սարսափելի ոճրագործությունների, երբ «թիֆլիսցի նեղճակատ կինտոն» (Եղիշե Չարենցի բնութագրմամբ) և իր տեղական սատրապների ու սադիստ մարդասպանների ոհմակը կարող են անպատիժ հոշոտել XX դարի մեծագույն բանաստեղծին և նրան նույնիսկ գերեզման ունենալու չարժանացնել:
Մեզ համար բարեբախտություն էր, որ կոմունիստական դարաշրջանի մեր վերջին ղեկավարները (Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան) իրենց երկրին, ժողովրդին նվիրված հայրենասեր հայորդիներ էին, ողջամիտ, խելացի և լայնախոհ պետական-քաղաքական գործիչներ, որոնք ղեկավարվում էին բացառապես ազգային շահերով և կարողացան շատ հայրենանպաստ ծրագրեր իրականացնել՝ ի հեճուկս կոմունիստական մարազմի, լենինյան զառանցաբանության և «կալոշավոր» Միխայիլ Սուսլովի «գաղափարախոսական» ապուշաբանությունների:
Հիմա դժվար է հավատալ, որ մենք ապրում էինք մի երկրում, որտեղ մինչև 1965 թ. մարդիկ ոչ մի տեղ չէին կարող ո՛չ լսել, ո՛չ խոսել, ո՛չ կարդալ 1915-1923 թթ. Մեծ եղեռնի մասին: Իսկ «Նեմեսիս» գործողության և հայ վրիժառուների մասին Հայաստանի հանրությունը առհասարակ տեղյակ չէր մինչև 1988-1990 թթ.: (Թերևս միակ բացառությունը Բեռլինում Թալեաթին շանսատակ արած Սողոմոն Թեհլերյանն էր, ում սխրանքն ու անունը հայտնի էին բոլորին): «Նեմեսիս» գործողությունն իրականացրած փառապանծ հայորդիների անունները և սխրանքը մինչ այսօր չեն արժանացել համաժողովրդական ճանաչման ու գնահատանքի:
Աներևակայելի անարդարություն է, բայց և բարեբախտություն բոլորիս համար (ինչպիսի՜ պարադոքս), որ Շահան Նաթալին, Արամ Երկանյանը, Արշավիր Շիրակյանը, Սողոմոն Թեհլերյանը, Միսաք Թոռլաքյանը, շատ ու շատ ուրիշ պանծալի հայորդիներ ապրեցին և իրենց մահկանացուն կնքեցին մայր հայրենիքից հեռու: Քանզի կասկած իսկ չէր կարող լինել, թե ինչ կլիներ նրանց հետ մի երկրում, որտեղ տեր ու տիրակալ էին աթարբեկովները, նուրիջանյանները, մուղդուսիները և նրանց նման տականքները: Նրանք բոլորը կարժանանային Սարդարապատի հրաշքը կերտած հերոս հրամանատարների, Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Վահան Թոթովենցի, Զապել Եսայանի, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի երեք որդիների (Մուշեղ, Համլիկ, Արեգ), իրենց հոգեհարազատ եղբայրների՝ 1922 թ. Թիֆլիսում Ջեմալ Ահմեդ փաշային սատկացրած խոտորջուրցի վրիժառուներ Արտաշես Գևորգյանի (1894-1937) և Պետրոս Տեր-Պողոսյանի (1892-1937), տասնյակ հազարավոր այլ անմեղ մարդկանց դաժան ճակատագրին, ովքեր զոհ դարձան այդ «բոլշևիկ հորջորջվող կեղտոտ շնակապիկների» (ՈՒինսթոն Չերչիլի դիպուկ խոսքով) անպատմելի վայրագություններին: (ՈՒղղակի անհավատալի է, որ Աստծո ողորմածությամբ և «Նեմեսիսի» խստագույն գաղտնապահության շնորհիվ տխրահռչակ և արյունախում ՉԷԿԱ-ՆԿՎԴ-ի (ճԽ-ծԽԹԺ) ճիրաններից խուսափեց մեր նշանավոր քանդակագործ և հիասքանչ քաղաքացի, մեծ հայորդի Արա Սարգսյանը:)
Այս հոդվածը գրելու շարժառիթը ոչ միայն Հակոբ Հակոբյանի հիանալի առաջարկի մասին հիշեցնելն է և այն պաշտպանելը: Ես խորապես համոզված եմ, որ վաղ թե ուշ այն կարժանանա համընդհանուր հավանության և ի վերջո կիրականացվի: Պետք է ստեղծել ճանաչված արվեստագետներից, արվեստաբաններից, ճարտարապետներից, նկարիչ-քանդակագործներից, գրողներից ու գիտնականներից կազմված հեղինակավոր հանձնաժողով, հայտարարել բաց մրցույթ-մրցանակաբաշխություն և առանց ավելորդ շտապողականության, բայց նաև չարդարացված դանդաղկոտության, կայացնել ճիշտ որոշում: Դա, անշուշտ, օրերի կամ շաբաթների հարց չէ, և պատշաճ մակարդակով այն իրականացնելու համար ժամանակ է պետք:
Բայց կա մեկ ուրիշ հարց, որը կարելի է և պետք է լուծել հենց հիմա, առանց հապաղելու:
Իմ կարծիքով` ճիշտ ու արդար կլիներ, որ Ծիծեռնակաբերդ տանող և Ծիծեռնակաբերդին հարող Կիլիկիա և Աջափնյակ թաղամասերի փողոցներն անվանակոչվեն «Նեմեսիսի» փառապանծ հերոսների անուններով: Օրինակ, Շահան Նաթալիի պողոտա կոչվի Նաիրի Զարյան, Հրաչյա Քոչար (տարօրինակ զուգադիպությամբ այդ փողոցները մեկը մյուսի շարունակությունն են) և Կիևյան փողոցներն ընդգրկող մայրուղին, Լենինգրադյան փողոցը՝ Արշավիր Շիրակյանի փողոց (այս վերջինը զավեշտի ժանրից է, քանի որ արդեն ավելի քան 20 տարի այդ անունով քաղաք իսկ չկա, էլ չեմ ասում, որ ցանկացած բարոյական և նորմալ հայի համար անարգանք է այդ պիղծ անունը թեկուզ ինչ-որ բառաբարդմամբ կամ բառակապակցությամբ որևէ տեղանվան մեջ օգտագործելը): Եվ առհասարակ մենք պետք է շատ զգույշ, սթափ, արդար և անաչառ լինենք փողոցները, տեղանունները, դպրոցներն ու այլ հիմնարկ-ձեռնարկությունները անվանակոչելիս, չցուցաբերենք անհարկի շտապողականություն (մանավանդ ողբերգական իրադարձություններից հետո) և ոչ մի դեպքում չկրկնենք անցյալի սխալները, երբ ամբողջ երկրի տոպոնիմիկան պղծվել էր հազար ու մի տեսակ շուն-շանգյալների և պատահական մարդկանց անուններով, որոնք ոչ մի կապ, առնչություն երբևիցե չեն ունեցել մեր երկրի ու ժողովրդի հետ, թեկուզև նրանցից ոմանք ազգությամբ հայ էին: Վաղուց ժամանակն է երկիրը վերջնականապես և մեկընդմիշտ մաքրելու այդ աղբից:
Տեղանունների ճիշտ ընտրությունը և անվանակոչումները պետք է կատարվեն բարոյական, քաղաքական, գաղափարախոսական և, ինչու չէ, նաև գեղագիտական չափանիշների ներդաշնակ միասնությամբ:
Հայ պատանին իրավունք ունի և պետք է նաև հնարավորություն ունենա հպարտորեն ասելու. «Ես ապրում եմ Միսաք Թոռլաքյանի, իսկ քույրս՝ Արամ Երկանյանի փողոցում»:
Մենք մեծ պարտք ունենք մեր հերոս վրիժառուներին: Նրանց սխրանքն ու անունները արժանի են համազգային սիրո, մեծարանքի և անմահացման: Կյանքի կոչենք մեծանուն արվեստագետ Հակոբ Հակոբյանի սքանչելի մտահղացումը, ինչպես նաև առանց ձգձգելու և ուշացնելու հավերժացնենք հերոս հայորդիների պաշտելի անունները մեր մայրաքաղաքի և ողջ Հայաստանի քարտեզի վրա:

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ